Հայաստանում կինոինդուստրիայի զարգացման կարևոր խթան կարող է լինել ներդրումների մինչև 40%-ի վերադարձը, 2025 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ նախարարական կոմիտեում առաջիկայում կքննարկվի կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի կարգի մասին նախագիծը։ Հետվճարը, ըստ նրա, հիմնականում կլինի իրացված հարկերի վերադարձի տեսքով։
«Դա մի կողմից թույլ կտա մեծացնել կինոարտադրության ծավալները, մյուս կողմից՝ մեր երկրում կխթանի ներդրումային միջավայրը»,- նշել է նախարարը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը Netflix-ի հետ հուշագիր էր ստորագրել երկրում մի քանի սերիալ նկարահանելու համար։
«Կինոինդուստիան արագ զարգացող ճյուղ է։ Այդ իմաստով այստեղ մի քանի սերիալ նկարելու մասին արդեն կնքված հուշագրեր ունենք Netflix-ի հետ և տարբեր նման նախագծեր կան, որոնք ներդրումների մասնակի վերադարձի նախագծի կիրառման պարագայում ավելի մեծ թափ կստանան»,- հավելել է Անդրեասյանը։