ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ հարցաքննության պատճառը Facebook-ի օգտատեր Ռուբեն Կասյանի կողմից Ռուբինյանին ուղարկված նամակն է, որով ԱԺ փոխնագահին հայտնել են, թե ««Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակը պայթեցրել են»:
Ռուբինյանին հարցաքննել են մարտին հարուցված քրեական վարույթի շրջանակում։
ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տանը, «Քաղաքացիական պայմանագրի» և ՔՊ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանի (այժմ ՌԴ-ում ՀՀ դեսպան-խմբ․) գրասենյակներում փետրվարին ահաբեկչություններ կազմակերպելու մեղադրանքներով ՔԿ-ն մարտին 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցել, 2-ին կալանավորել էին, 2-ին՝ ձերբակալել։ Գերատեսչությունը չէր բացահայտել նրանց անունները՝ հայտնելով միայն սկզբնատառերը ՝ Գ. Ս., Ա. Գ., Է. Պ., Վ. Օ.:
Մարտի 14-ին փաստաբան Վահե Եփրիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ձերբակալվածներից մեկը՝ Գ. Ս.-ն, ՀՅԴ կուսակցության անդամ Գագիկ Սարգսյանն է։ Նա հստակեցրել էր, որ իր պաշտպանյալին մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 46-308-րդ հոդվածով (ահաբեկչություն կազմակերպելը, հանցակցելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 15 տարի ժամկետով): Նրան կալանավորել էին, Սարգսյանը մեղքը չէր ընդունել։