Շուրջ մեկ ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետությունն Արդարադատության նախարար չունի: Հոկտեմբերի 1-ին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական էր ներկայացրել։ Հրաժարականի պատճառներից մեկն այն էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից սեպտեմբերի 25-ին Մինասյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք էր սկսվել։
ՔՊ-ն, ըստ լրատվամիջոցների, Արդարադատության նախարարի պաշտոնում քննարկել էր ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի թեկնածությունը։ Մինչ այդ առաջադրված ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանի, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությանը խմբակցության մեծ մասը չէր աջակցել։
ՔՊ-ն հոկտեմբերի 29-ին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել էր Սրբուհի Գալյանին, որը 2020 թվականից զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը և համակարգել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը:
Armenia Today-ը զրուցել է մեր համաքաղաքացիների հետ պարզելու համար, թե հավանական թեկնածուներից ո՞ւմ են տեսնում Արդարադատության նախարարի պաշտոնում և ինչպե՞ս են գնահատում այս պահին գործող արդարադատության համակարգը։
Քաղաքացիներից ոչ ոք չգիտեր թեկնածուների շրջանառվող անունները, և երբ Armenia Today-ի թղթակիցը թվարկեց նրանց՝ հարցման մասնակիցները որևէ մեկին չճանաչեցին։ Միաժամանակ, մեծամասնությունը հայտարարեց ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության մասին, որպեսզի այն ավելի լավ աշխատի։
«Չգիտեմ՝ հիմա ո՞վ է նախարար: Թվարկած թեկնածուներից ոչ մեկին չեմ ճանաչում ո՛չ որպես անձ, ո՛չ որպես քաղաքական գործիչ: Ես շատ գոհ եմ վարչապետից»,- նշեց հարցվածներից մեկը:
Հարցման մեկ այլ մասնակցի կարծիքով, ընդհանուր առմամբ, արդարադատության ոլորտը, կառավարման այլ ոլորտների հետ մեկտեղ, որակապես բարելավման կարիք ունի։
«Ոչինչից տեղյակ չեմ, ինձ հետաքրքիր չէ, չեմ ուզում ոչինչ իմանալ: Հայաստանի ոչ մի բանից գոհ չեմ, այդ թվում՝ արդարադատությունից»,- ասաց նա:
Հարցման մեկ այլ մասնակից նշեց, որ իրեն չի գոհացնում հանցագործությունների բացահայտման ցածր ցուցանիշը, և դա Արդարադատության նախարարության թերացումն է։
«ՀՀ արդարադատության համակարգից գոհ չեմ: Դժգոհ եմ բոլոր չբացահայտված գործերից»,- նշեց նա:
Հարցման մասնակիցների կարծիքով՝ Արդարադատության նախարարության ղեկավարը պետք է ընտրվի այն թեկնածուներից, ովքեր իշխող կուսակցության ներկայացուցիչ չեն և կարող են անաչառ մոտեցում ցուցաբերել աշխատանքին։
«Թվարկված չորս թեկնածուից որևէ մեկին չեմ ճանաչում, բայց կտրականակպես դեմ եմ իմքայլական պատգամավորների նշանակվելուն»,- նշեց երտասարդներից մեկը:
Բացի աշխատանքի նկատմամբ անաչառ վերաբերմունքից, քաղաքացիները նաև կարծում են, որ Արդարադատության նախարարության ղեկավարը պետք է լինի այնքան որակավորված և անկախ, որ չմասնակցի կոռուպցիոն ռիսկեր պարունակող կասկածելի գործարքների։
Մանրամասները՝ տեսանյութում: