Նոյեմբերի 10-ին Ժնևի Սեն-Պիեռ տաճարում Հայաստանի և Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար համաշխարհային աղոթքի արարողություն տեղի կունենա, հայտնում է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ):
Աղոթքը կսկսվի Բաքվում Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի 29-րդ համաժողովի (COP29) բացման նախորդ օրը՝ Կենտրոնական Եվրոպայի ժամով 17:00-ին:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանրությանը կոչ է արել միանալ աղոթքին և նախաձեռնությունը համարել է խթան՝ բանտարկյալների խնդրի լուծմանը քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների մասնակցության համար։
«Անկեղծորեն հուսով ենք, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկվածությունն այս շարունակվող մարդասիրական ճգնաժամի մասին և կնպաստեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղ լուծմանը»,- ասել է կաթողիկոսը:
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ընդգծել է, որ COP29-ը բացառիկ հնարավորություն է ընձեռում արտահայտվելու 23 հայ պատանդների, ինչպես նաև ադրբեջանցի քաղբանտարկյալների և լրագրողների անվերապահ ազատման օգտին:
Բաքուն հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։
2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
Նոյեմբերի 11-22-ը Բաքվում կանցկացվի COP29 համաժողովը։ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հոկտեմբերի 28-ին հայտնել էր առաջիկայում Ադրբեջանի հետ գերիների և անհայտ կորածների հարցով հանդիպման մասին։