Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին գործերի նախարարության թիվ 1 առաջնահերթություններից չէ, խորհրդարանում «Բյուջե-2025»-ի քննարկմանը հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Գերատեսչության ղեկավարն առաջնահերթ է համարել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Ցեղասպանության հարցը թիվ 1 օրակարգ դարձնելը ԱԳ նախարարության օրակարգում չէ։ ՀՀ ԱԳՆ-ի թիվ 1 առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության և կայունության ապահովումն է։ Եվ այս շրջանակում մեզ համար առաջին ուղղությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է։ Այս համատեքստում կա մի քանի ուղղություն․ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացում և ստորագրում, ենթակառուցվածքների ապաշրջափակում և սահմանազատման գործընթաց»,- նշել է նախարարը։
Ապրիլին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու անհրաժեշտության մասին։ Մայիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության օրակարգում նման հարց չկա։
Փաշինյանն ապրիլի 24-ի իր ուղերձում կոչ էր արել հայ ժողովրդին «դադարեցնել հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել են այդ հայրենիքը, Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում»։ «Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության»,- ասվում էր հայտարարության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։