Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում կոչ է արել հայկական ալկոհոլը կոնյակ չանվանել, քանի որ կոնյակը Ֆրանսիայի համար ոչ նյութական արժեք է: Փաշինյանի խոսքով՝ հայկական կոնյակով պարծենալը «խայտառակություն է»:
«Կոնյակը Ֆրանսիայի համար ոչ նյութական արժեք է։ Կան երկրներ, որոնք Ֆրանսիա չեն ու ասում են՝ «գիտե՞ք մենք ինչ կոնյակ ենք արտադրում, մենք ինչ կոնյակ ունենք»։ Մենք էլ ենք ասում ու ուրախանում ենք, բայց չենք տեսնում, որ դա կողքից քմծիծաղ է առաջացնում։ Սա միջպետական մակարդակում «Դիլիջանի ջերմուկ չունե՞ք» պատմության նյութականացումն է։ Եվ սա խայտառակություն է։ Մենք չենք հետազոտում, թե ուրիշները մեզ ինչպես են ընկալում։ Եվ երբ գնում ու ասում ենք՝ գիտե՞ք՝ մենք ինչ կոնյակ ունենք, մարդիկ ժպտում են, բայց մտքում այլ բան են մտածում»,- հայտարարել է նա:
Փաշինյանի խոսքով՝ այդ հարցը ԿԳՄՍ և Էկոնոմիկայի նախարարության խնդիրն է։ Ըստ նրա՝ այն փաստը, որ դա այլ երկրի ինտելեկտուալ սեփականությունն է, նաև արտահանման ոլորտում է բազմաթիվ խնդիրներ ստեղծում:
«Մենք Եվրոպական միության հետ այս հարցում ծրագրեր ունենք, և այդ ծրագրերը պետք է անպայման իրականացնենք։ Մինչև այս հարցերը չլուծենք, չենք կարող ինտեգրված, զարգացած տնտեսություն ունենալ։ Առավելագույնը կարող ենք հետնախորշերի տնտեսություն ունենալ, որի տրամաբանությամբ կարելի է թաքուն տեղերում թաքուն բաներ վաճառել»,- հավելել է նա:
Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունն «ինչքան էլ քաղաքական կամք ունենա, հայրենասեր, նվիրված ու գերպրոֆեսիոնալ լինի, չի կարող հիմնավորել և ապացուցել, որ Հայաստանում կոնյակ է արտադրվում, դա հնարավոր չէ»։
«Այս մասին չխոսել և ասել, թե մենք կոնյակ ենք արտադրում, նշանակում է մեր տնտեսությունը տանել փակուղի և զրկել զարգացման հեռանկարից։ Վերջին հարյուր տարում Հայաստանում արտադրել են ու վրան գրել՝ կոնյակ, մարդիկ էմոցիոնալ կապ են ձեռք բերել, միայն լավ առիթներ, ծնունդ, կնունքներ են նշել, և այդ ամենը մեր ընկալման մասն է դարձել։ Այդուհանդերձ, չի նշանակում, որ այդ տրամաբանությամբ պետք է շարունակենք»,- ասել է վարչապետը:
Ըստ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ Հայաստանն այս հարցում ակտիվ համագործակցում է Եվրոպական միության գործընկերների հետ, մասնավորապես՝ «Հայկական բրենդի» ապրանքանիշի դիրքավորման և զարգացման ուղղությամբ։
«Կարծում ենք, որ հենց «Արմենիան բրենդ» անունով ապագայում կարող ենք պատշաճ դիրքավորվել, որովհետև այդ ապրանքի որակը բավականին բարձր է»,- հայտարարել է Պապոյանը:
Նրա խոսքով` «Արմենիան բրենդ» անվան շուրջ համաձայնությամբ և ԵՄ-ի աջակցությամբ մարկեթինգային արշավն արդեն իսկ սկսված է։
«Ոչ միայն նկատում են, այլև նամակներ են գրում շամպայնի, պրոսեկոյի, ֆետայի և այլնի մասին։ Այս բոլոր դեպքերով հիմա խնդիրներ ունենք և փորձում ենք հաջորդ աշխատաժողովի հանդիպումների ժամանակ տեսչական մարմինների հետ հասկանալ վերահսկողության ձևերը։ Իմ նախնական մոտեցմամբ՝ այն ընկերությունները, որոնք այս քաղաքականությանը չեն հետևում, նվազագույնը պետք է պետական աջակցություն չստանան»,- հավելել է նախարարը:
2021-ի հունիսին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ հայ արտադրողները 2043 թվականից Հայաստանի և Եվրամիության միջև ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում կհրաժարվեն «կոնյակ» բառի օգտագործումից։ 2024-ի հուլիսին Պապոյանը հայտարարել էր, որ հայկական կոնյակը կվերանվանվի «Արմենիան բրենդի»։
Հայկական կոնյակի արտադրության սկիզբը դրվել է 1887 թվականին՝ Երևանում, վաճառական Ներսես Թաիրյանի կողմից։ Վերջինս առաջին անգամ ստեղծել էր հայկական կոնյակ՝ ֆրանսիական տեխնոլոգիայի կանոններով: Նոր մակարդակի հասնելու և արտադրանքը երկրից դուրս հայտնի դարձնելու համար 20-րդ դարի սկզբին հաստատված ձեռնարկությունը միացել էր ՌԴ-ում հայտնի «Շուստով և որդիներ» հայտնի գործընկերությանը:
Նոր սեփականատերը ֆրանսիացի մասնագետներից իրավունք էր ստացել շշերի վրա գրել ոչ թե «բրենդ», այլ «կոնյակ»։ Հայկական կոնյակի երկրպագուն Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն էր։ Նա հայկական կոնյակը համտեսել էր ԽՍՀՄ կառավարության ղեկավար Իոսիֆ Ստալինի հետ անձնական հանդիպումների ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր նա մինչև Չերչիլի մահը եռամսյակը մեկ Լոնդոն էր ուղարկում 10 արկղ «Դվին» կոնյակ։ Նա հայկական կոնյակը համարում էր իր երկարակեցության գաղտնիքներից մեկը։
«Երբեք մի ուշացեք ճաշից, ծխեք Հավանայի սիգարներ և խմեք հայկական կոնյակ»,- ասում էր Բրիտանիայի վարչապետը: