Կառավարությունը հոկտեմբերի 31-ի նիստում հավանություն է տվել ՀՀ պաշտպանության նախարարության նախագծին, որով առաջարկվում էր աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։
Կառավարությունը փոփոխություն է կատարել «Պաշտպանության մասին» օրենքում, որի հիմնավորմամբ՝ աշխարհազորի համակարգը փոխարինվելու է տեղական պաշտպանական ուժերով, որոնք կոնկրետ ուղղությունների սպառնալիքների դեպքում ունակ կլինեն աջակցել ՀՀ զինված ուժերի համապատասխան զորամասերին:
«ՀՀ տարածքի ռազմավարական խորության բացակայությունը, անվտանգային միջավայրի վերլուծությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ունենալ տեղային և կամավորության սկզբունքով ձևավորվող տեղական պաշտպանության ուժեր, որոնք կոնկրետ ուղղությունների սպառնալիքների դեպքում ունակ կլինեն աջակցել ՀՀ զինված ուժերի համապատասխան զորամասերին։ Այդ նպատակով առաջարկվում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, որոնք կձևավորվեն ըստ տվյալ տարածաշրջանի զորամասերի և կհամակարգվեն բանակային կորպուսների կողմից»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Նշվում է, որ աշխարհազորի ղեկավարներ են հանդիսանում մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի տեղակալները և վարչական շրջանների ղեկավարները։ Նրանք պատասխանատու են աշխարհազորային պայմանական ստորաբաժանումները կամավոր սկզբունքով քաղաքացիների համալրման գործընթացն ապահովելու համար։
«Այդ նպատակով նաև ստեղծվեցին մարզպետների տեղակալների համապատասխան հաստիքներ, սակայն գործընթացի գործնական կիրառման ընթացքը ցույց տվեց, որ սահմանված համակարգը գրեթե չի գործում, աշխարհազորային ստորաբաժանումները ձևավորվում են հիմնականում տարածքային զինկոմիսարիատների կողմից, նրանց ղեկավարման հետ օրենքով սահմանված մարմինները որևէ առնչություն մինչ այժմ չեն ունեցել»,- հավելել են հիմնավորման մեջ։
2020-ի հոկտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Ազգային ժողովն ընդունել էր աշխարհազոր ստեղծելու նախագիծը։ Աշխարհազորը գործելու էր տարածքային սկզբունքով և ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած էր լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից: Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։