Ոստիկանությունն ազատ է արձակել «Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման ձերբակալված 9 աջակիցներից 2-ին, հայտնում է շարժման տելեգրամյան ալիքը։
Ըստ շարժման՝ Էրեբունու ՁՊՎ-ից (ձերբակալվածների պահպանման վայր) ազատ են արձակվել Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը։
Շարժման ներկայացուցիչներն այսօր երեկոյան ցույց են անցկացրել ՁՎՊ-ի դիմաց՝ պահանջելով ազատել ակտիվիստներին։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր շարժման 9 համակիրների (Հայկ Նիկողոսյան, Աղվան Արշակյան, Վիգեն Ազատյան, Արա Մկրտչյան, Նիկոլայ Քոչարյան, Մուշեղ Նավասարդյան, Հովհաննես Ավետիսյան, Միքայել Օհանյան և Արտեմ Խառատյան), ձերբակալման մասին։
Պատգամավորի խոսքով՝ բոլորին «բերման են ենթարկել, ձերբակալել նույն սցենարով՝ կանգնեցրել են մեքենաները՝ անօրինական զենք պահելու կասկածով»։
«Մի ողջ օր ձգձգում են մեքենայի խուզարկությունը, հետո այդ տեղեկության հերքման դեպքում կա՛մ ազատ են արձակում, կա՛մ քննիչները, օգտվելով 72 ժամ ձերբակալելու իրենց իրավունքից, անհարկի շարունակում են ընդդիմադիր գործիչներին զրկել ազատությունից»,- հավելել է Մանուկյանը։