Հայաստանը 2026 թվականին կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը, հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր»,- գրել է նախարարը։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ COP17-ը Հայաստանում անցկացնելու ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը ՀՀ նկատմամբ՝ որպես գլոբալ բնապահպանական գործընթացների կարևոր դերակատարի։
«Հայաստանին այժմ վստահված է Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի ներքո միջազգային ջանքերի մեկտեղման և առաջմղման պատասխանատու աշխատանք, որը կնպաստի մարդկության դեմ ծառացած ներկա բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Ադրբեջանը հոկտեմբերին դիմել էր COP17-ը 2026-ին հյուրընկալելու խնդրանքով։
COP16-ը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին և կանցկանցվի մինչև նոյեմբերի 1-ը։ Համաժողովին մասնակցում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը բացման արարողության նշել էր, որ COP17-ի անցկացումը հիանալի հնարավորություն կլինի Հայաստանի և տարածաշրջանի բնական հարստությունները ներկայացնելու, ինչպես նաև գլոբալ կենսաբազմազանության պաշտպանության ջանքերն առաջ մղելու համար։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29) 2024-ին կանցկանցվի Բաքվում՝ նոյեմբերի 11-22-ը։
Հուլիսի 23-ին ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայերին կոչ էր արել համաշխարհային շարժում սկսել COP29-ին ընդառաջ՝ պահանջելով Ադրբեջանի բանտերից ազատել հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29-ը համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ The Guardian-ը կանխատեսել էր ակտիվիստների դժգոհությունը՝ կապված ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովն Ադրբեջանում անցկացնելու հետ։ Դեկտեմբերի 18-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։