«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միացել է Հայաստանի ազգային հավաքականի և Պրեմիեր լիգայի ֆան ակումբներին, որոնք պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող ղեկավարության հրաժարականը, ասված է ակումբի պաշտոնական կայքում տարածված հայտարարությունում։
Ըստ հաղորդագրության՝ «Ուրարտուն» բազմիցս հայտարարել է ՀՖՖ-ի գործող ղեկավարության «ոչ կոմպետենտ աշխատանքի մասին, որը ոչ միայն չի նպաստում հայկական ֆուտբոլի զարգացմանը, այլ ուղղակիորեն խանգարում է»։
«Իրավիճակը, որն ստեղծվել է ազգային հավաքականի շուրջ, ինչպես նաև ակումբային ֆուտբոլում, ուղիղ կապ ունի ՀՖՖ-ում կայացրած որոշումների հետ․ անարդյունավետ նշանակում ինչպես ազգային հավաքականի, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գլխավոր մարզչի պաշտոնում, ԲԿՄԱ-ի գործունեությունը, ՀՀ Բարձրագույն առաջնության հանդիպումների անընդունելի ձևաչափը (hանդիպումների նշանակումը աշխատանքային, ցերեկային ժամերին), ակումբների և նրանց ակադեմիաների հետ համագործակցության ամբողջական բացակայությունը և սա նրանց թույլ տված սխալների կեսն է»,- ասված է հաղորդագրությունում։
«Ուրարտուի» ղեկավարությունը համարում է, որ ՀՖՖ գործող կազմը բարոյապես իրավունք չունի շարունակել ղեկավարել այս կառույցը։
FAF-ի (Առաջին հայկական ճակատ) ֆան ակումբի ներկայացուցիչները հոկտեմբերի 13-ին ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղում 0:2 հաշվով Հայաստանի ազգային հավաքականից կրած պարտությունից հետո, որին հաջորդել էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հեռացումը, պահանջել էին ՀՖՖ ղեկավար Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
ՀՖՖ-ն հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ Մելիքբեկյանի հրաժարականի հարցը չի քննարկվում։ Հոկտեմբերի 21-ին Մելիքբեկյանը հայտնել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Հոկտեմբերի 31-ին ՀՖՖ-ի ղեկավարի հրաժարականի երկրպագուների պահանջին միացել էր նաև «Փյունիկը»։ Ֆուտբոլային ակումբն իրավիճակն անվանել էր աղետալի և հայտարարել, որ ֆուտբոլը Հայաստանում վատթարանում է` և՛ ակումբային, և՛ ազգային հավաքականների մակարդակով։ «Փյունիկը» կոչ էր արել Բարձրագույն խմբի բոլոր ակումբներին հրապարակավ գնահատել ՀՖՖ ղեկավար կազմի աշխատանքը և հայտնել իրենց դիրքորոշումը։