Բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման պատրվակով հանցավոր խումբը հափշտակել է շուրջ 65,000 դոլար, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Ըստ գերատեսչության՝ սոցիալական տարբեր հարթակներում տեղադրվում են գովազդներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքից անհամեմատ բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման վերաբերյալ։ Քաղաքացիները, տրվելով առաջարկվող շահավետ ծառայության գայթակղությանը, կապ են հաստատում այդ անձանց հետ։
«Հանցավոր խումբն առաջարկում են մոտենալ «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի։ Ապա պատճառաբանելով, թե զբաղվածությամբ պայմանավորված չեն կարող անձամբ ներկայանալ, քաղաքացիներին խնդրում են գումարը փոխանցել իրենց մտերիմին, ով կկատարի տարադրամի փոխանակում և փոխանակված գումարը հետ կվերադարձնի»,- հայտնում է ՔԿ-ն:
Այդ ընթացքում, ըստ ՔԿ-ի, հանցագործները կապ են հաստատում էլեկտրոնային հարթակներում և հավելվածներում տաքսի ծառայություն մատուցելու վերաբերյալ հայտարարություններ տեղադրած վարորդների կամ օրավարձով ավտոմեքենա տրամադրող անձանց հետ և վերջիններիս նույնպես մոլորության մեջ գցելով՝ հայտնում նրանց ծառայություններից անհամեմատ բարձր ուղեվարձով օգտվելու ցանկության մասին։
«Վարորդներին ուղղորդում են նշված առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի, իսկ տարադրամ փոխանակել ցանկացող և իրենց ծուղակն ընկած քաղաքացիներին խնդրում են մոտենալ նշված վայրում կայանված այդ ավտոմեքենային՝ նշելով ավտոմեքենայի մակնիշը, հաշվառման համարանիշը, վարորդի անունը՝ որպես իր փոխարինող մտերիմի: Վարորդին խնդրում են իրենց հյուրից վերցնել գումարը, ներս մտնել առևտրի կենտրոն և գումարը փոխանցել իրենց կողմից մատնանշած անձին»,- ասվում է հաղորդագրությունում:
Քաղաքացիները, մոտենալով ավտոմեքենային, վարորդներին փոխանցում են փոխանակման նպատակով իրենց հետ բերած գումարը, իսկ վերջիններս, պայմանավորվածության համաձայն, մտնելով առևտրի կենտրոն, գումարը փոխանցում են այլ անձի։ Հանցագործության զոհ դարձած լինելու մասին թե՛ արտարժույթի փոխանակում կատարող անձինք և թե՛ տաքսու վարորդները պարզում եմ միայն այն ժամանակ, երբ վերջիններս առանց գումարի վերադառնում են և ավտոմեքենայի սրահում կատարում համապատասխան պարզաբանումները, ինչից հետո դիմում են իրավապահ մարմիններին:
Ըստ ՔԿ-ի՝ նախաքննությամբ պարզվել է, որ այն անձինք, ում վարորդները վերջնարդյունքում առևտրի կենտրոն մտնելուց հետո փոխանցում են գումարը, ևս հանդիսացել են ավտոմեքենաներով վճարովի ծառայություն մատուցող անձինք, ովքեր, տեղեկացված չլինելով իրենց հետ կապ հաստատած անձի կամ անձանց հանցավոր մտադրությունների մասին և նրա հետ պայմանավորված լինելով բարձր վարձավճարով ծառայությունների մատուցման շուրջ, վերջինիս պահանջով ստացած գումարը տեղափոխում և Երևան քաղաքի տարբեր վայրերում, որտեղ առկա չեն տեսանկարահանող սարքեր, փոխանցում են այլ անձի:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ խարդախության նշված սխեմայով տուժողներին պատճառված ընդհանուր վնասը կազմում է 65,000 դոլար և շուրջ 11 մլն ռուբլի: ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ համացանցային գովազդների հիման վրա իրական հիմքեր չունեցող նման գայթակղիչ առաջարկներ անող, ֆիզիկական ներկայությամբ իրենց ինքնությունը բացահայտելուց խուսափող անծանոթ անձանց հետ նման հարաբերությունների մեջ մտնելուց, նախքան գումարը որևէ անձի փոխանցելը պարզել վերջինիս ինքնությունը, առնչությունը նախապես իրենց հետ կապ հաստատած անձանց հետ և նշված վայրում գտնվելու նպատակները, օգտվել պետական արտոնագիր ունեցող փոխանակման կետերից կամ բանկային ծառայություններից։