Նոյեմբերի 11-22-ը Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (СOP29) ընդառաջ՝ Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատելու պահանջով Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի, ՀՀ ԱԳՆ շենքի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսի խմբի նախագահող երկրների (Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ) դեսպանատների առջև ակցիաներ են տեղի ունեցել։
Ակցիային մասնակցել են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Գառնիկ Դանիելյանը, Ասպրամ Կրպեյանը, Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչներ և այլք:
Կազմակերպիչները ՄԱԿ-ի շենքի դիմաց հայտարարել են, որ COP29-ն անցկացվում է մարդու իրավունքների և ազատությունների վատթարագույն ցուցանիշ արձանագրած երկրում, որի բռնապետական ռեժիմը սնվում է նավթադոլարներով: Նրանք կոչ են արել ՄԱԿ-ին և СOP29-ի մասնակից երկրների պատվիրակություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և հասնել հայ գերիների ազատմանը։
«Առ այսօր Բաքվում շարունակում են պատանդառված մնալ մի քանի տասնյակ հայ գերիներ։ Չի կարող առանց մարդկային արդարության և մարդու իրավունքների պաշտպանության կլիմայական արդարություն լինել։ Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարավորություն կտա Ադրբեջանին մաքրել ցեղասպանի իր արյունոտ ձեռքերը, խմբագրել բռնապետական ռեժիմի վարկանիշը։ Պահանջում ենք, որ Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին ազատելու նպատակով համաժողովի պատվիրակները ճնշում գործադրեն բռնապետական Բաքվի վրա»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչ Վարդան Գալստյանը։
Բողոքի մասնակիցները վանկարկել են՝ «Ադրբեջան՝ ցեղասպան», «Ադրբեջան՝ ագրեսոր», «Ազատությո՛ւն հայ գերիներին»։ Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահել են «Կլիմայի պաշտպանությունն անհնար է առանց մարդու իրավունքների պաշտպանության», «Հայ ղեկավարները՝ Բաքվի բանտում» բովանդակությամբ պաստառներ՝ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներով:
Նրանք հիշեցրել են Արցախի վրա Ադրբեջանի հարձակման, Արցախում էթնիկ զտումների և ադրբեջանցիների կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։
«Ադրբեջանը բռնազավթած տարածքներում շարունակում է մշակութային ցեղասպանություն իրականացնել՝ ոչնչացնելով Արցախում հայկական հետքը»,- հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից մեկը:
Ակցիայի մասնակիցները հայ գերիների ազատման, COP29-ի հետ կապված պահանջներով նամակներ են հանձնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Այնուհետև նրանք երթով շարժվել են դեպի ՀՀ ԱԳՆ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանություններ, նույնաբովանդակ պահանջներով նամակներ փոխանցել Հայաստանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններին:
Ակցիայի մասնակիցները կոչ են արել ԱԳՆ-ին «ձեռքերը ծալած չնստել»։
«ԱԳՆ-ն մատը մատին չի տալիս, որպեսզի օր առաջ հայ ռազմագերիները հայտնվեն ազատության մեջ։ Հակառակը՝ հնչում են հայտարարություններ, որոնք ավելի են դժվարացնում հայ գերիների ազատման հարցը։ Հայաստանը պետք է պահանջի, որ բոլոր ռազմագերիներն ազատ արձակվեն։ Եթե ՀՀ-ն COP29-ին մասնակցելու որոշում կայացնի, ապա միակ արդարացի պայմանը կլինի գերիների ազատումը»,- ԱԳՆ-ի մոտ ասել է Դանիելյանը:
ՌԴ դեսպանատան դիմաց Մինասյանը նշել է, որ ՌԴ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, որն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը զսպելու միջազգային պարտավորվածություն ունի։
«Ադրբեջանը շարունակում է հանցագործություններ իրականացնել։ Մենք ՌԴ-ից անմիջական ներգրավվածություն և ազդեցության գործադրում ենք ակնկալում հայ գերիների ազատ արձակման հարցում։ Հայ գերիներն այսօր խոշտանգվում են Բաքվի բանտերում։ Մենք կոչ ենք անում պայքարել այս միջազգային չարիքի` Ադրբեջան պետության դեմ»,- ասել է Մինասյանը։
Ֆրանսիայի դեսպանատան առջև ակցիայի մասնակիցները պահանջել են բոյկոտել СOP29-ը։ Գալստյանը կոչ է արել Ադրբեջանին փաստի առաջ կանգնեցնել։
«Ֆրանսիան բոլոր միջազգային հարթակներում բարձրացրել է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի մասին։ СOP29-ը տեղի է ունենալու «նավթային բռնապետություն» հանդիսացող Ադրբեջանում, ինչն առաջացրել է քաղաքակիրթ աշխարհի վրդովմունքը։ Որպես բարեկամ երկիր՝ Ֆրանսիայից պահանջում ենք Ադրբեջանին փաստի ու պատասխանատվության առաջ կանգնեցնել։ Ֆրանսիան պետք է պահանջի Հայաստան վերադարձնել Ադրբեջանի բանտերում կեղեքվող ու խոշտանգվող հայ գերիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը»,- ընդգծել է Գալստյանը։
Բաքվում 23 հայ գերի կա, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին է։
2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ԱՀ ՊԲ նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը հոկտեմբերի 28-ին հայտնել էր Ադրբեջանի հետ գերիների և անհայտ կորածների հարցով հնարավոր հանդիպման մասին։
Մանրամասները՝ տեսանյութերում։