Հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի տարածքում տեղի ունեցած, երիտասարդ ընտանիքի կյանք խլած վթարի դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել խախտում կատարած վարորդին և նրա ծանոթին, հայտնում է Քննչական կոմիտեն։
Հուլիսի 26-ին ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել էին BMW (վարորդ՝ Ա. Տ., ծնված 1983 թ.) և Honda (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1992թ.) մակնիշների ավտոմեքենաները, որի հետևանքով Honda-ում գտնվող երիտասարդ ամուսինները տեղում մահացել էին, իսկ նրանց 8-ամյա տղան՝ հիվանդանոցում։ Ընտանիքի կյանքը խլած վթարի դեպքի առթիվ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել։
Ըստ ՔԿ-ի՝ BMW-ի վարորդը, չպահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս և դարձել երեք մարդու մահվան պատճառ:
Գերատեսչության տվյալներով՝ BMW-ի վարորդը, օգնության խնդրանքով, զանգահարել էր իր ծանոթին՝ Գյումրի քաղաքի 26-ամյա բնակչին, ով «իր ծանոթին քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկելու իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ» նրան անցկացրել էր Բավրայի սահմանային անցակետով։ Արդյունքում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը դիմել էր փախուստի:
Հուլիսի 31-ին ՔԿ-ն վարորդի նկատմամբ հետախուզում էր հայտարարել։ Սեպտեմբերի 20-ին վերջինս ինքնակամ ներկայացել էր վարույթն իրականացնող մարմնին։ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։
BMW-ի վարորդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 8 տարով), 26-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարով)։