Երևանում կտեղադրվի ֆրանսիական «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրին, հայտնել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Քաղաքապետարանը հուշարձանի նախագծի ստեղծման մրցույթ է հայտարարել։ Մանուշյանի կիսանդրին պատվանդանով նախատեսվում է տեղադրել նրա անունը կրող այգում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2025 թվականին:
Նշվում է, որ հայտերն անանուն կներկայացվեն մրցութային հանձաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև (1,5 մլն դրամ) և մանրակերտի հիման վրա հուշարձանը կիրականացվի, իսկ երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած հայտատուներին կտրամադրվի խրախուսական մրցանակ (1 մլն դրամ և 500,000 դրամ)։
Մանուշյանը ծնվել է 1906 թվականին Արևմտյան Հայաստանի Ադիյաման քաղաքում։ Նրա ծնողները մահացել են 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ 1925 թվականին Մանուշյանը գաղթել է Ֆրանսիա և ապրել Մարսելում և Փարիզում։ Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացումից հետո կնոջ՝ Մելինեի հետ մասնակցել է ֆրանսիական դիմադրության շարժմանը։
Մանուշյանի հրամանատարությամբ գործող խումբը գրեթե 30 հաջող հարձակում է իրականացրել գերմանական օկուպանտների վրա։ Մանուշյանը ձերբակալվել է 1943 թվականի նոյեմբերին, իսկ 1944 թվականի փետրվարի 21-ին իր 21 ընկերների հետ մահապատժի է ենթարկվել։