San Francisco Giants բեյսբոլի պրոֆեսիոնալ ակումբի սկաութինգի գծով ամերիկահայ փոխնախագահ Զաք Մինասյանը դարձել է ակումբի նոր գլխավոր տնօրեն, հաղորդում է Բեյսբոլի գլխավոր լիգայի (MLB) կայքը։
«Զաքն այստեղ իր աշխատանքի 6 տարիների ընթացքում մեր կազմակերպությանը բերել է հարուստ գիտելիքներ և փորձ: Նա ոչ միայն կարողանում է հրաշալի ընտրել տաղանդներին, այլև հրաշալի մարդ է, որով կարող է հպարտանալ մեր համայնքը։ Վստահ ենք, որ նոր պաշտոնում նա կօգնի մեզ կատարելագործվել որպես թիմ և կազմակերպություն, և ես անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելուն», – ասել է Baseball Operations-ի նախագահ Բասթեր Փոուզին:
41-ամյա Մինասյանը «Սան Ֆրանցիսկոյի դարաշրջանում» դարձել է ակումբի 11-րդ գլխավոր տնօրենը: Պաշտոնն ստանձնելուց հետո նա հայտարարել է, որ մտադիր է San Francisco Giants-ին վերադարձնել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
«Այս ակումբում գնահատելու շատ բան կա. տաղանդավոր կորիզ ինչպես Մեծ լիգայի, այնպես էլ Փոքր լիգա համակարգերում, նվիրված երկրպագուներ, վետերանների անհավանական խումբ և համայնքին աջակցելու կազմակերպության հանձնառություն»,- ավելացրել է Մինասյանը:
2022 թվականից նա հանդիսանում էր San Francisco Giant-ի սքաութինգի գծով փոխնախագահը, որին միացել էր 2019 թվականին մեկ այլ բեյսբոլի ակումբի՝ Milwaukee Brewers-ի միջոցով։ Milwaukee Brewers-ում աշխատելու ժամանակ Մինասյանն առանցքային դեր է խաղացել այնպիսի աստղային խաղացողների ձեռքբերման գործում, ինչպիսիք են Սի Սի Սաբաթիան, Զաք Գրինկին, Կառլոս Գոմեսը, Ջոշ Հադերը, Քորի Քնեբելը, Ժան Սեգուրան և Ուիլ Սմիթը:
Մինասյանը Հայոց ցեղասպանությունը վերապրած Գևորգ Մինասյանի և Յագսա Չոլաքյանի ծոռն է, երկուսն էլ՝ Խարբերդից։ Մինասյանի հայրը 1988-2009 թվականներին հանդիսացել է Rangers-ի մենեջերը, իսկ Զաքի եղբայրը՝ Փերին, Los Angeles Angels-ի գլխավոր տնօրենն է։