Ռուսաստանում բացվել է «Գործընկերներ» հայկական բիզնես ակումբի մոսկովյան մասնաճյուղը։ Մասնաճյուղի բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին՝ «Տարածաշրջանային գործընկերություն և զարգացում» համաժողովում՝ Ազգային տնտեսական նվաճումների ցուցահանդեսի «Հայաստան» տաղավարում։
«Գործընկերների» նախագահ Տաթև Ավետիսյանն Armenia Today-ին պատմել է Բելգիայում, Հունաստանում և Կիպրոսում մասնաճյուղեր հիմնելու ծրագրերի մասին։ Նա ակումբի հիմնական նպատակն է անվանել տարբեր մակարդակների գործարարների համար հնարավորություններ բացելն ու բարդ, երբեմն անհաղթահարելի խնդիրների լուծմանն աջակցելը: Ավետիսյանը չի բացառել նաև ավելի լայն շրջանակների հետ համագործակցությունը։
«Բիզնես ակումբի նպատակն է համախմբել ոչ միայն հայ գործարարներին, այլև այն երկրների ներկայացուցիչներին, որտեղ նրանք զարգացնում են իրենց գործունեությունը։ Այս համատեքստում կա համագործակցություն պետական մարմինների՝ Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունների հետ, ինչը թույլ է տալիս արագ լուծել առաջացող խնդիրները։ Արտերկրում հիմնադրված ակումբների անդամներն այս առումով ունեն նույն հնարավորությունները, ինչ Հայաստանում գործող ակումբները»,- ասել է նա։
Համաժողովի ընթացքում հայ և ռուս գործարար համայնքների ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների միջև գործընկերության զարգացման և բիզնես հնարավորությունների ընդլայնման մեխանիզմները:
Ռուսաստանում «Գործընկերների» ներկայացուցիչ Ներսես Ներսեսյանը կարևորել է հարթակի փորձագիտական ներուժը, որտեղ խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կկարողանան գնահատել ձեռներեցության ոլորտում փոփոխություններն ու միտումները՝ օգնելով ակումբի գործընկերներին համատեղ օպտիմալ լուծումներ գտնել։