ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումը, «էթնիկ զտումներ» տերմինի կիրառումը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ շփումն ուղիղ հակասության մեջ են Հայաստանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումների հետ, գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Վստահ եմ՝ Երևանում այս ամենին նյարդայնացած են հետևում: Իհարկե, այստեղ անթուլատրելի է հաշվի չառնել նախընտրական գործոնը, սակայն Թրամփն իր իսկ ձեռքով նախանշում է իր հնարավոր արտաքին քաղաքականությունը, որի վրա, ըստ ձևավորված միջավայրի, կարող ենք ազդեցություն ունենալ: Մենք ասելով՝ նկատի ունեմ, առաջին հերթին, հենց հայկական համայնքը, եկեղեցին, հայկական լոբբին, հայերի բարեկամ քաղաքական գործիչներն ու կազմակերպությունները»,- նշել է փորձագետը։
Սագսյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն ու անձամբ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը սխալվել են նաև այն հարցում, ըստ որի՝ ամեն գնով խուսափել են հանրապետականների հետ ադեկվատ հարաբերություններ կառուցելուց։
«Ընդ որում՝ բացարձակ կարևոր չէ՝ Թրամփը կհաղթի՞, թե՞ ոչ: Վերջիվերջո, 2 օրից նաև Կոնգրեսի ընտրություններն են, որտեղ հանրապետականների հնարավոր հաղթանակը լուրջ ազդեցություն է ունենալու ամերիկյան քաղաքական օրակարգի վրա: Կարծում եմ, որ Հայաստանի իշխանության և Հայաստանի պետական/ազգային շահերն իրարից էապես տարբերվող երևույթներ են և, որպես այս ամենի հետևանք, ամերիկյան ցանկացած իշխանության հետ այլընտրանքային աշխատանք տանելու անհրաժեշտություն լինելու է»,- ասված է գրառման մեջ։
Թրամփն Արամ Ա Կաթողիկոսի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր արցախահայությանը սատարելու մասին:
Հոկտեմբերի վերջին Թրամփն ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Քամալա Հարիսիին մեղադրել էր 2023 թվականի սեպտեմբերին Արցախում ադրբեջանական ագրեսիայի ընթացքում անգործության և Արցախից հայերի հարկադիր արտագաղթի մեջ։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։