Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու մասին։
«Իշխանությունները ոչ միայն չեն կարողանում պատշաճ կերպով կազմակերպել անցումն էլեկտրոնային վճարումների համակարգին՝ քաոս և անհարմարություն ստեղծելով մեր քաղաքացիների համար, այլև մտադիր են հունվարի 1-ից թանկացնել տրանսպորտը»,- հայտարարել է նա։
Մարությանը սա անընդունելի է համարել և ասել, որ վաղվանից իր կողմնակիցներն ստորագրահավաք են սկսելու Երևանում՝ այս որոշման դեմ։
Նա պարզաբանել է, որ իրենք ավագանու որոշման նախագիծ են պատրաստել, որով նախատեսվում է կետ ավելացնել, ըստ որի՝ հասարակական տրանսպորտով մեկ ուղևորությունը կարժենա 100 դրամ՝ պահպանելով իշխանությունների առաջարկած ուղեվարձի փաթեթները։
Նախկին քաղաքապետն ասել է, որ հավաքված ստորագրությունները նախատեսվում է ներկայացնել ավագանու տարվա վերջին նիստին։ Մարությանի խոսքով՝ այս դեպքում քաղաքային իշխանություններին կստիպեն կատարել ժողովրդի կամքը։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Armenia Today-ը հարցում էր իրականացրել մեր համաքաղաքացիներից՝ պարզելու համար, թե որքանո՞վ է հարմարավետ տրանսպորտային նոր համակարգը և ինչպե՞ս են հարմարվում նոր վճարային ձևաչափին։