Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձայների 99,14% հաշվարկից հետո գործող նախագահ Մայա Սանդուն առաջատար է, տեղեկանում ենք երկրի ԿԸՀ տվյալներից։
Սանդուին աջակցել է ընտրողների 55,09%-ը, իսկ Սոցիալիստների թեկնածու և նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդրու Ստոյանոգլոյին՝ 44,91%-ը։ Նախնական արդյունքներով՝ Սանդուի մրցակիցն առաջատար էր, բայց նա առաջ է անցել արտերկրում բնակվող մոլդովացիների ձայների հաշվարկի շնորհիվ։
Առանց արտասահմանյան կայքերի տվյալների՝ Ստոյանոգլոն հավաքել էր 51,19%, իսկ Սանդուն՝ 48,81%։ Գործող նախագահի օգտին արտասահմանից քվեարկել է ընտրողների 82%-ը, իսկ նրա մրցակցի օգտին՝ 17%-ը (արձանագրությունների 91%-ը մշակվել է այնտեղ)։
Երկրից դուրս ընտրելու իր իրավունքից օգտվել է Մոլդովայի 304,713 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ՝ ընտրություններին մասնակցել է գրեթե 1,7 մլն մարդ, մասնակցությունը կազմել է 54,30%։
Մեկնաբանելով նախնական արդյունքները՝ Սանդուն հայտարարել է, որ Մոլդովան հաղթել է ընտրություններում և շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են ընտրական գործընթացին։ Նախագահը վստահեցրել է, որ լսել է բոլորի ձայնը՝ անկախ նրանից, թե ում են սատարում և խոստացել է իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ, այդ թվում՝ արդարադատության ոլորտում։