ՊԵԿ-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող Lianna Garden Hall («Վանատամ» ՍՊԸ) ռեստորանային համալիրում հայտնաբերել է շուրջ 100 մլն դրամի (ավելի քան 258 հազար դոլար) ստվերային շրջանառություն, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Մկրտչյանը հոկտեմբերի վերջին «Հրապարակ»-ին ասել էր, որ ռեստորանը պատկանում է իր հորեղբորը։
ՊԵԿ-ի տվյալներով՝ ռեստորանային համալիրը նաև իր վարձու աշխատողներին վճարվող աշխատավարձի չափը 4 մլն դրամի չափով պակաս է ներկայացրել հարկային հաշվարկներում։
Նշվում է, որ «Վանատամ» ՍՊԸ-ի մոտ ընդհանուր առմամբ առաջացել է 5,011,080 դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է։
Ըստ հաղորդագրության՝ ընկերությունը հարկային մարմնին է ներկայացրել 2023 թվականի երկրորդ, երրորդ եռամսյակների շրջանառության հարկի և օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ճշտված հաշվարկներ։
«Արդյունքում՝ ընկերության իրացման շրջանառությունն ավելացել է 100,241,088 դրամի չափով և առաջացել է պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա շրջանառության հարկի գումար՝ 4,009,644 դրամի չափով, իսկ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ճշտված հաշվարկներով ընկերության վարձու աշխատողներին ուղղվող աշխատավարձի չափն ավելացել է 4,156,763 դրամի չափով, որի արդյունքում առաջացել է լրացուցիչ վճարման ենթակա 831,355 դրամ եկամտային հարկի և 170,081 դրամ սոցիալական վճարի գումարներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՊԵԿ-ը հավելել է, որ արձանագրվել է նաև հսկիչ դրամարկղային կանոնների կիրառության խախտում, որի արդյունքում առաջադրվել է 769,335 դրամ տուգանք։
Հոկտեմբերի 16-ին «Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՊԵԿ-ը խախտումներ և չարաշահումներ էր հայտնաբերել Մկրտչյանի ընտանիքին պատկանող Փարաքար համայնքի Lianna Garden Hall ռեստորանում։ Թերթի տեղեկություններով՝ ՊԵԿ-ի աշխատակիցները ռեստորանը չեն կապարակնքել, թեև դրա համար բավարար հիմքեր ունեին։