ՀՀ կենտրոնական բանկը մեկնաբանել է Երևանում հասարակական տրանսպորտի վճարման նոր կարգի ներդրումից հետո 100 դրամանոց մետաղադրամների պակասի մասին լուրերը։
Ըստ ԿԲ-ի՝ մինչ այս պահը բոլոր պահանջարկները՝ ներառյալ 100 դրամանոց մետաղադրամների, բավարարվել են, և գործընթացը շարունակական է լինելու։ Նշվում է, որ առևտրային բանկերը պարտավոր են իրենց հաճախորդներին ապահովել անհրաժեշտ անվանական արժեքներով, ինչպես նաև իրականացնել թղթադրամների և մետաղադրամների փոխանակում։
«Կանխիկ դրամի թողարկումն իրականացվում է տնտեսության պահանջարկի հիման վրա՝ ապահովելով բոլոր անվանական արժեքների համար բավարար քանակներ։ Տնտեսության պահանջարկը ՀՀ դրամանիշերի անվանական արժեքների նկատմամբ ձևավորվում է առևտրային բանկերի միջոցով»,- ասվում է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կգործի հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։
Հոկտեմբերի 14-ին Կոստանյանը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ վճարային համակարգով QR կոդով վճարումը։ Հոկտեմբերի 31-ին «Մայր Հայաստան» ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը Երևանի իշխանություններին մեղադրել էր կոռուպցիոն սխեմաների մեջ՝ կապված նոյեմբերի 1-ից ավտոբուսների ուղեվարձի վճարման նոր կարգի ներդրման հետ։