Հայ կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանն Իտալիայում անցկացված կարճամետրաժ ֆիլմերի Golden միջազգային փառատոնում արժանացել է երկու մրցանակի։ Ռեժիսոր Ալիսա Զոլոնցի Love Photosynthesis (Սիրո ֆոտոսինթեզ) միջազգային արտադրության կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի գրված երաժշտության համար Բերբերյանն ստացել է մրցանակներ Golden Soundtrack և Overall Award Winner անվանակարգերում։
«Շատ ուրախ եմ իտալական փառատոնում նման մրցանակների արժանանալու համար։ Love Photosynthesis անիմացիոն ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը միջազգային փառատոններում՝ արժանանալով տարբեր երկրների հանդիսատեսի ջերմ արձագանքին և ժյուրիի գնահատանքին։ Ռեժիսոր Զոլոնցի հետ համագործակցությունը շատ ստեղծարար էր, զերծ էր գեղարվեստական պատնեշներից ու սահմանափակումներից»,-նշել է Բերբերյանը։
Նրա խոսքով՝ տարբեր գործիքային և տեմբրային համադրությունների ներդաշնակեցման շնորհիվ ստացել են հետաքրքիր երաժշտական սինթեզ։ Ֆիլմի հնչյունային հետարտադրությունն իրականացվել է Բերբերյանի հիմնադրած Berberyan Production Studios-ում։
Բերբերյանը հեղինակել է մի շարք հայկական հայտնի ֆիլմերի երաժշտություն՝ «Կյանք ու կռիվ» (2016), «Կյանք ու կռիվ 2» (2017թ.), «Էրկեն կիշեր» (2018թ.), «Կաֆկայի երազը» (2020), «Սողոմոնի երգերը» (2020թ.), «Ավրորայի լուսաբացը» (2022), «Ամերիկացի» (2022), «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» (2024), «Մեդալի հակառակ կողմը» (2024) և այլն:
Ապրիլին Բերբերյանը Մայքլ Գյուրջյանի «Օսկարի» առաջադրված «Ամերիկացի» ֆիլմի համար ստացել էր «Անահիտ» կինոմրցանակ: Նա պարգևատրվել էր «Լավագույն երաժշտություն ֆիլմում» անվանակարգում։