ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, պատժի կրումից հետո ՔԿՀ-ից ազատ է արձակվել, հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանին։
2018թ․ հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Սարգսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցել։ Նա մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով, այսինքն՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու մեջ։
2019թ․ հուլիսի 6-ին Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, 2019թ․ դեկտեմբերի 6-ին նրան հայտնաբերել էին Պրահայում:
2019թ․ ապրիլին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Չեխիայի իրավասու մարմինները Սարգսյանին Հայաստանին արտահանձնելու մասին որոշում են կայացրել։ Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան:
2020թ․ նոյեմբերին նա 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ 2021-ի ապիլի 13-ին ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել էր դատախազության բողոքը և Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրել։
2021թ․ հունիսի 26-ին դատարանը Սարգսյանին դատապարտել էր 5,6 տարվա ազատազրկման։ Քանի որ նա որոշակի ժամանակով գտնվել է անազատության մեջ, ուստի պատիժը պետք է կրեր 3 տարի 6 ամիս ժամկետով։