Ղազախստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին, Le Figaro-ին հայտնել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Ընթացիկ մարտահրավերներին և հակամարտությունների աճող ռիսկերին բախվելով՝ Ղազախստանն աջակցում է խաղաղ գործընթացներին և միջքաղաքակրթական երկխոսությանը։ Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային հարթակ տրամադրելով՝ մենք լիովին աջակցում ենք երկու երկրների հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին»,- ասել է Տոկաևը։
Նա հավելել է, որ երկար տարիներ Ղազախստանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն և մասնակցում է դիվանագիտական նախաձեռնությունների առաջմղմանը ողջ աշխարհում։
Դեկտեմնբերի 15-ին Ղազախստանի նախագահը Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների հարթակ էր առաջարկել։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մայիսի 10-11-ն Ալմաթիում բանակցություններ էին վարել։ Միրզոյանը Բայրամովի և Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրթլեուի հետ եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել էր չսահմանափակվել Բաքվի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելով և սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Բանակցություններն ավարտվել էին առանց համաձայնության։