Նոյեմբերի 5-ին ՔՊ վարչությունում կքննարկեն իշխանական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը և Հովիկ Աղազարյանի վարքը, հայտնել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով ՔՊ-ում իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ վարչության նիստի ավարտից հետո ՔՊ-ն կորոշի Քոչարյանի պաշտոնանկության հարցով խմբակցության նիստ հրավիրելու հարցը։ Պաշտոնանկության հարցով նախաձեռնությունն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ մտցնելու համար անհրաժեշտ է վարչության ներկայացուցիչների քվեարկությունը:
Թերթը հիշեցրել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 149-րդ հոդվածի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը:
Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ ձայների մեծամասնությամբ, պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելիի մասնակցության դեպքում:
Հոկտեմբերի 29-ին «Ազատությունը» հայտնել էր, որ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց էր բարձրացվել, ավելի ուշ ԱԺ-ում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել էր, որ իրենց օրակարագում նման հարց չկա։
Հոկտեմբերի 30-ին «Ժողովուրդը» գրել էր, որ իշխող թիմում հարաբերությունները սրվել են Քոչարյանի նախաձեռնած՝ հանցավորության իրավիճակի մասով լսումներից հետո։ Ըստ թերթի՝ Քոչարյանը Փաշինյանին դժգոհել էր, որ հոկտեմբերի 15-ին իր նախաձեռնած լսումներին ՔՊ 71 պատգամավորից միայն մի քանիսն էին։ Նույն լսումների ժամանակ վիճաբանել էին ՔԿ ղեկավարն ու Աղազարյանը։ Վերջինս ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։ ՔԿ ղեկավարն, իր հերթին, պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից հետո իրավիճակն ավելի էր թեժացել։ Հոկտեմբերի 28-ին միջադեպի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։