ՀՅԴ կուսակցությունը կոչ է արել զորավիգ լինել Լիբանանի հայ համայնքին՝ մասնակցելով կուսակցության նախաձեռնած դրամահավաքին։
Նշվում է, որ պատերազմի հետևանքով մինչ այժմ հայեր ու հայկական շրջաններ չեն տուժել, սակայն ներքին գաղթականների թիվն անցել է 1,200,000-ը և նրանց մի մասն ապաստան է գտել համեմատաբար ապահով հայկական շրջաններում՝ Պուրճ Համուտում, Այնճարում և այլ հայաբնակ թաղամասերում:
Բյուրոյի հայտարարություն մեջ շեշտվում է, որ հայկական համայնքային կազմակերպությունները փորձում են ապահովել գաղութի անվտանգությունը և լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից, սակայն տնտեսական վիճակը վատթարանում է, աշխատատեղերը փակվում են, գները՝ բարձրանում։
«Պարտավոր ենք միասնաբար զորակցել մեր կառույցների գոյատևմանը, առանց որոնց Լիբանանի հայությունը լրջորեն կվտանգվի։ Ավելորդ է կրկնել ընդհանրապես միջինարևելյան և, մասնավորապես, Լիբանանի գաղութների համահայկական կարևորությունը: Հետևաբար՝ ներկա դժնդակ պայմաններում լիբանանահայության օժանդակությանը ձեռք մեկնելը բոլորիս պարտքը պետք է համարել»,- ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելը սեպտեմբերի վերջին հարձակումներ է իրականացնում Լիբանանի տարածքի վրա։ Հոկտեմբերից Իսրայելի պաշտպանության ուժերը ցամաքային գործողություններ են իրականացնում շիական «Հեզբոլլահ» խմբավորման դեմ՝ Լիբանանի հարավում։ Վերջին տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերից Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 3002 մարդ, վիրավորվել՝ առնվազն 13,492-ը։