«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկիչ հանձնաժողովը «հարցաքննել» է Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Տեղեկությունը թերթին հաստատել է հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանը: Նրանց հարցաքննել են հոկտեմբերի 15-ին՝ Աղազարյանի և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի ունեցած վիճաբանությունից հետո։
Ղալումյանը «Հրապարակ»-ին չի հայտնել, թե «հարցաքննությունից» հետո արդյոք որոշում կայացվե՞լ է կարգապահական վարույթ հարուցել պատգամավորների նկատմամբ:
«Դրանք ներկուսակցական հարցեր և խնդիրներ են, որոնց մասին չեմ կարող խոսել»,- ասել է նա:
Աղազարյանը թերթին հայտնել է, որ տեղյակ չէ՝ քննարկումից հետո իր դեմ միջոցներ ձեռնարկվե՞լ են, թե՞ ոչ: Նա նաև հերքել է այն տեղեկությունները, որ ավտոներկրմամբ զբաղվող իր որդին, որն անցնում է քրեական գործով, աշխատել է Պետեկամուտների կոմիտեում։
«Իմ որդիներից ավտոներկրմամբ զբաղվել է ոչ թե Վահեն, որի մասին մամուլը գրել է, այլ Իվանը՝ 2023 թվականին, իսկ Վահեն 2022 թվականի հունվարի 5-ից դադարեցրել է աշխատանքը ՊԵԿ-ում»,- նշել է պատգամավորը։
«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ ԱԺ-ում պատգամավոր Աղազարյանի և ՔԿ նախագահի վեճի պատճառն այն քրեական գործն է, որով անցնում է Աղազարյանի որդին։ Խոսքն «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ հարուցված գործի մասին էր։
Հոկտեմբերի 15-ին Աղազարյանը և Քննչական կոմիտեի ղեկավարը վիճաբանել էին Հայաստանում հանցավորության հետ կապված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։ ՔԿ ղեկավարն, իր հերթին, պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից հետո իրավիճակն ավելի էր թեժացել։
Հոկտեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջադեպերի հետ կապված «կան կարգապահական վարույթներ, և դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։ Հոկտեմբերի 28-ին Աղազարյանի և Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ էր նախաձեռնվել։