Զինված ուժերին արմատական փոփոխություններ են պետք, իսկ դրանց բացակայության դեպքում լրացնող և օժանցակող ցանկացած օղակ չի կարող մեծ ազդեցություն ունենալ, Armenia Today-ին ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ մեկնաբանելով աշխարհազորի համակարգը տեղական պաշտպանության ուժերով փոխարինելու նախագիծը, որին կառավարությունը հավանություն էր տվել։
«Թե՛ աշխարհազորը, թե՛ տեղական այն օղակները, որոնք Հայաստանի վրա հարձակման ժամանակ տեղերում ինքնապաշտպանական ուժերի կազմակերպման համար են, օժանդակում են բանակին, բանակի գործողություններին։ Դրանք բանակին լրացնող, օգնող օղակ են, բայց երբ հիմնական օղակն իր գործողությունների մեջ մեծ բարձունքում չէ, ցանկացած լրացնող և օժանդակող օղակ, որքան էլ մասնագիտորեն լավագույնս կազմակերպվի, միևնույն է, վերջնարդյունքի վրա էական ազդեցություն չի կարող թողնել»,- ասել է փորձագետը։
Այդ օղակներն ստեղծելուց առաջ փորձագետը կարևորել է շատ զորավարժություններ անցկացնելու անհրաժեշտությունը։
«44-օրյա պետարազմից հետո ՀՀ բանակը երկրի ներսում առանձապես ակտիվ չէ զորավարժությունների առումով։ Դաշնակից երկրների հետ զորավարժություններ գրեթե չեն անցկացնում, հրաժարվել են ՀԱՊԿ-ի հետ զորավարժություններից։ Մինչդեռ զորքերի փոխգործակցություն լավագույն միջոցը զորավարժությունն է։ Մեծ հաշվով՝ առաջնահերթը ԶՈւ-ն ուժեղացնելն է, տեղական պաշտպանության ուժերը միայն փոխլրացնում են բանակին»,- հավելել է Նահապետյանը։
Իր նշած խնդիրների համատեքստում՝ փորձագետը պատահական չի համարում ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, որով նախկին զինծառայողները կկարողանան վերադառնալ ծառայության՝ առանց կենսաթոշակի իրավունքը կորցնելու։ Նահապետյանն այս նախագիծը կապել է կադրային խնդիրների մասին։
«Պատճառը կադրային սովն է։ Կարող եմ ենթադրել, որ ատեստավորման հետևանքով շատ ու շատ սպաներ ոչ ճիշտ չափորոշիչների պատճառով դուրս են մնացել ԶՈւ-ից, և հիմա կադրային լրջագույն սով կա։ Ըստ իս՝ այդ պակասը փորձում են լրացնել ավագ սերնդին բանակ հետ կանչելով։ Միգուցե, եթե ինչ-որ չափով նրանք վերադառնան բանակ, կկարողանանք խոսել ազդեցության մասին, բայց նրանց կողմից մեծ ոգևորություն չեմ տեսել։ Դժվար է ասել՝ որքանո՞վ կստացվի կյանքի կոչել այս նախաձեռնությունը, բայց հարկ է նշել, որ անվտանգային հարցերում ևս այս իշխանությունը 2018-ից սկսած ամեն ինչ ձախողել է։ Խնդիրն այն է, որ արմատական փոփոխությունների կարիք կա, բայց դրա գիտակցումն անգամ չկա։ Բոլոր ոլորտներում լավ կառավարիչներ են պետք, ինչը մեզ մոտ բացակայում է»,- ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ՝ փորձագետը շեշտել է, որ բանակում կարգապահության բարձրացման համար այլ միջոցառումներ են անհրաժեշտ։
«Կարգապահության ամրապնդումը և, առհասարակ, կարգապահությունը պայմանավորված չէ թոշակառու սպաների վերադարձով։ Կարգապահության երկու ցուցիչ կա՝ վերադասի հրամանանն անվերապահ կատարելը և բարձր մարտական ոգին։ Բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը, սպանությունները, ինքնասպանությունները չեն խոսում բավարար չափով կարգապահության մասին։ Պատճառն այն է, որ հրամկազմն իր տեղում չէ, իսկ սպանությունների, ինքնասպանությունների դեպքերը խոսում են շատ տխուր վիճակի մասին։ Ժամանակին ռազմագողական բարքերի դեմ բավականին լուրջ պայքարում էին հենց երկրի առաջին դեմքի մակարդակով, հիմա, բացի կենացներից, ոչինչ չի իրականացվում»,- շեշտել է Նահապետյանը։
Նրա կարծիքով՝ զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելու հայտարարությունները ևս կենացների մակարդակում են։
«Շարքային ոստիկանը Երևանի փողոցներում իբր ծառայություն իրականացնելու համար սահմանին՝ հակառակորդի նշանառության տակ ծառայող պայմանագրայինից կամ շարքային սերժանտական սպայակազմից մի քանի անգամ ավելի շատ գումար է ստանում։ Կառավարությունն իր իշխանությունը պահելու առաջնահերթություն ունի, ուստի իրավապահներին, դատական իշխանությանը, ոստիկաններին, ԱԱԾ աշխատակիցներին մի քանի անգամ ավելի շատ գումար է տալիս։ Ռազմավարությունն այլ պետք է լինի, բայց նայենք՝ ինչքան է ստանում պայմանագրային զինծառայողը, ինչքան՝ սահմանին կանգնած նույն կոչումով ծառայողը»,- նշել է Նահապետյանը։
Աննա Բադալյան