Դատարանը բավարարել է փաստաբանների միջնորդությունը և վերացրել Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կողմից «Իմնեմնիմի» հաղորդաշարը վարելու արգելքը, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:
Սամոսյանի և Սաղաթելյանի կալանավորումից հետո փոդքասթը վարում էին տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ։
Մարտի 22-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Սամսոնյանին և Սաղաթելյանին խուլիգանություն կատարելու հոդվածով մեղադրանք էր առաջադրվել՝ հաղորդման ընթացքում իշխանության ներկայացուցիչների հասցեին «հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու» համար։ Սամսոնյանը և Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվել էին։ Ապրիլի 29-ին դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել էր Սամսոնյանի կալանքի դեմ փաստաբան Ռուբեն Մելիքյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը։
Մայիսի 21-ին Սամսոնյանին և Սաղաթելյանին «Իմնեմնիմի» փոդքասթին չմասնակցելու պայմանով ազատ էին արձակել։ Հունիսի 3-ին դատարանը մերժել էր «Իմնեմնիմի»-ի համահեղինակներ խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք նշանակելու մասին դատախազների միջնորդությունը։