Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստները Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի անցկացման նախօրեին Գերմանիայում բողոքի ակցիա են անցկացրել, հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։ Համաժողովը կանցկացվի նոյեմբերի 11-22-ը։
Քաղաքական հալածանքների ենթարկված և Ադրբեջանից դուրս բնակվող ընդդիմադիր ակտիվիստները վանկարկել են՝ Stop COP29։ Նրանք նշել են, որ Ադրբեջանի բանտերում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, մարդու իրավունքների վիճակը տագնապալի է, իսկ խոսքի ու հավաքների ազատությունը սահմանափակված է։
Ցույցի մասնակիցները նշել են, որ անգամ գագաթնաժողովի անցկացման իրավունքն ստանալուց հետո երկրում որևէ դրական փոփոխություն չի արձանագրվել։ Ավելին՝ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ձերբակալել, բռնության ենթարկել ու հետապնդել ավելի մեծ թվով ընդդիմախոսների։
Հիմնադրամի տվյալներով՝ ներկայումս ադրբեջանական բանտերում 347 քաղբանտարկյալ կա, որոնցից 30-ը լրագրողներ են։
Ցույցի մասնակիցները նաև կոչով դիմել են COP29-ին մասնակցող երկրների առաջնորդներին ու խորհրդարաններին, ինչպես նաև ՄԱԿ-ին ու Եվրոպական խորհրդարանին՝ խնդրելով աջակցել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների ազատմանը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ էր արել ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստ Գուբադ Իբադօղլուին և «Ադրբեջանում անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց»։ Հունիսի 28-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Բաքվում բանակցություններ էր վարել նաև Ալիևի և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել հարյուրից ավելի քաղբանտարկյալի։ Բաքվի բանտերում նաև հայ պատանդներ կան։ Բաքուն հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։
2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։