ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը զանգահարել է Դոնալդ Թրամփին և նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել նրան, Associated Press-ին հայտնել է Հարիսի ավագ խորհրդականը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահը խոսել է իշխանության խաղաղ փոխանցման անհրաժեշտության մասին:
Թրամփին շնորհավորել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրան հրավիրել Սպիտակ տուն՝ քննարկելու պաշտոնի փոխանցումը:
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփը նախնական արդյունքներով ստացել է 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։
Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և քաղաքական այլ գործիչներ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թրամփի հաղթանակն անվանել էր «պատմության մեջ ամենամեծ վերադարձը», իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս էր հայտնել, որ Թրամփը կօգնի արդարացիորեն ավարտին հասցնել ռուս-ուկրաինական պատերազմը։
Հոկտեմբերի վերջին Թրամփը Հարիսին մեղադրել էր 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի ժամանակ անգործության և Արցախից հայերի բռնի գաղթի համար։ Նոյեմբերի 2-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա հաստատել էր իր զորակցությունն արցախահայությանը։