ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու և ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսն ընտրություններում պարտությունից հետո առաջին ելույթն է ունեցել Վաշինգտոնի Հովարդի համալսարանում, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Նա հրապարակայնորեն ընդունել է իր պարտությունը, խոստացել իշխանության խաղաղ փոխանցում և նշել, որ կշարունակեն պայքարն «օրենքի գերակայության համար»:
Փոխնախագահը պարզաբանել է, որ ընդունում է իր պարտությունը նախընտրական արշավի արդյունքներով, «բայց ոչ Ամերիկայի ապագայի և իդեալների համար պայքարում»։
«Այս ընտրությունների արդյունքներն այն չեն, ինչ մենք ցանկանում էինք, ոչ էլ այն, ինչի համար պայքարում էինք և ինչի համար քվեարկեցինք»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ պայքարը կշարունակվի «քվեախցերում, դատարաններում և հրապարակներում՝ ավելի հանգիստ մեթոդներով»։
Հարիսն ասել է, որ դեմոկրատները պետք է ընդունեն նախագահական ընտրությունների արդյունքները։ Նա նշել է, որ դա վերաբերում է բոլոր քաղաքական գործիչներին, ովքեր ցանկանում են պահպանել ընտրողների վստահությունը։
ԱՄՆ փոխնախագահը հաստատել է, որ շնորհավորել է հանրապետական Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ։
«Այսօր ավելի վաղ խոսեցի նորընտիր նախագահ Թրամփի հետ և հաղթանակի կապակցությամբ շնորհավորեցի նրան։ Նաև ասացի, որ կօգնենք իրեն և իր թիմին անցումային փուլում և կմասնակցենք իշխանության խաղաղ փոխանցմանը»,- ասել է դեմոկրատը:
Հարիսը նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին ընտրություններում իր թեկնածությունն աջակցելու համար և ընդգծել, որ հպարտ է քարոզարշավով։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփը նախնական արդյունքներով ստացել է 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։
Նոյեմբերի 6-ին Բայդենը շնորհավորել էր Թրամփին և նրան հրավիրել Սպիտակ տուն՝ քննարկելու պաշտոնի փոխանցումը: Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և քաղաքական այլ գործիչներ։