«Հրապարակ» օրաթերթը հայտնել է, թե որն է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի՝ աշխատանքից ազատվելու հավանական պատճառը։
Թերթի տեղեկություններով՝ հավանական պատճառներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, որը տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնին ցանկանում է տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարի տեղակալին՝ իր մտերիմ Արմեն Դանիելյանին տեսնել։
«Հարությունյանը, որը տեսչական մարմինների կուրացիան է անում, դեռ ՍԱՏՄ նախկին ղեկավար Գեորգի Ավետիսյանի պաշտոնանկությունից հետո էր ուզում, որ այդ պաշտոնում նշանակվի Դանիելյանը, սակայն Փաշինյանը Հայրապետյանին նշանակեց»,- ասված է հրապարակման մեջ։
Հոկտեմբերի 6-ին ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրային կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանն Armenia Today-ին հայտնել էր Հայրապետյանի ազատման մասին։
Հայրապետյանը ՍԱՏՄ ղեկավար էր նշանակվել 2023 թվականի փետրվարին։