Նոյեմբերի 1-ին Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի Հ. Թամրազյանի անվան դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն, ուսուցիչ, 70-ամյա Արմենակ Ա․-ն դպրոցում ծեծի է ենթարկել 9/Բ դասարանում սովորող 14-ամյա աշակերտին, որի հետևանքով երեխայի մարմնի վրա կապտուկներ են առաջացել, գրում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ նույն օրը երեխային հրավիրել են ոստիկանություն։
«Երեխան մայրիկի և մանկավարժի ներկայությամբ հայտնել է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, դասարանում իր պայուսակից էլեկտրոնային ծխախոտի փոխարինիչ հայտնաբերելուց հետո ուսուցիչը մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին, որից հետո դուրս է բերել միջանցք, կրկին հարվածներ հասցրել»,- ասված է հրապարակման մեջ։
Կայքի փոխանցմամբ՝ երեխան պատմել է, որ «ուսուցիչը հետո իրենց տարել է դպրոցի տնօրեն, Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Ստելլա Փ․-ի աշխատասենյակ և 2 անգամ հարվածել մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ»։
Փոխտնօրենը ձերբակալվել է, հաղորդումը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, հավելել է կայքը։