ՀՀ կառավարությունը նոյեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց Սիսիան-Քաջարան հատվածի շուրջ 60 կմ նոր ճանապարհի կառուցման ներդրումային ծրագրին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածին ներդրումային ծրագրով նախատեսում են 4․7 կմ երկարությամբ 27 կամուրջ կառուցել։
Նախարարի խոսքով՝ ծրագրով կկառուցվի Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի 27․12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատվածը, 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատվածը և 24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատվածը։
«Նախատեսում ենք նաև 12․5 կմ երկարությամբ երկարությամբ 9 թունել կառուցել, որոնցից ամենաերկարը կլինի 8․6 կմ։ Նախագծով կունենանք «կանանչ կամուրջներ»», որոնք կապահովեն կենդանիների միգրացիոն անխափան հոսքերը»,- ասել է նախարարը։
Նախագիծը կառավարությունն իրականացնելու է Եվրոպական ներդրումային բանկի, Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համաֆինանսավորմամբ։
«Ամբողջ ծրագրի ընդհանուր վարկային մասը կկազմի 708 մլն եվրո, իսկ կառավարության մասնաբաժինը կկազմի 150 մլն եվրո։ Ծրագիրը կավարտենք 2033 թվականին»,- հավելել է նախարարը։
2024-ի հունիսին կառավարությունը հաստատել էր «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար ՎԶԵԲ-ի կողմից վարկային համաձայնագրի վավերացման նախագիծը։
Մայիսի 8-ին նախարարների կաբինետը հավանություն էր տվել ՎԶԵԲ-ի հետ Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար վարկային համաձայնագրի ստորագրմանը։ Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծել էր, որ ծրագրի իրականացումը կնվազեցնի Քաջարան-Սիսիան հեռավորությունը 118 կմ-ից մինչև 60 կմ, իսկ միջին արագությունը կբարձրանա 50-ից մինչև 100 կմ/ժ։