Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը: Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության նիստում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Մեսրոպյանի թեկնածությունը»,- ասված է որոշման մեջ։
Կառավարությունից հայտնում են, որ իր խոսքում Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու և վստահության համար և նշել, որ Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալուց հետո և այդ պաշտոնում նշանակվելու դեպքում իր ամբողջ մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը ներդնելու է հանձնաժողովի բնականոն աշխատանքը կազմակերպելու, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու համար:
«Նշանակվելու դեպքում առաջնահերթության կարգով կփորձեմ խորը աուդիտի ենթարկել վերջին 10 տարիներին կատարված ներդրումները և դրանց արդյունավետությունը: Ինչպես նաև գնումների մասով պետք է բացառել փոխկապակցված անձանց, ընկերությունների հետ փոխկապակցված անձանց ընկերությունների գործունեությունը գնումների գործընթացին մասնակցելու առումով, որովհետև կյանքը ցույց է տալիս, երբ ունենում ենք նման դեպքեր, ապա թե՛ ձեռք բերված սարքերը կամ ծառայությունները շուկայականից ունենում են ավելի բարձր գներ, թե՛ որակի վերահսկողությունը կատարված աշխատանքի նկատմամբ հեռու է լինում ցանկալի արդյունքից»,- ասել է նա։
Մեսրոպյանը 2019-2020թթ․ ՀԾԿՀ ներկայացուցիչ էր, ապա Կոտայքի մարզպետ։
Հոկտեմբերի 10-ին ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ չբացահայտելով պատճառը։ Բաղրամյանը ՀԾԿՀ ղեկավարի պաշտոնն զբաղեցնում էր 2019 թվականի ապրիլից։
Հոկտեմբերի 31-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ ՔՊ-ում ՀԾԿՀ նախագահի պաշտոնում քննարկում են մի քանի թեկնածուի։ Նոյեմբերի 5-ին ՔՊ նիստում որոշվել էր Մեսրոպյանին առաջադրել որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու։