ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ ԱԳՆ-ի վարորդի կողմից ԱՄՆ վիզաներ տրամադրելու հնարավոր խարդախության հետ կապված։
«Նախ, նա իմ վարորդը չէ, այլ Արտաքին գործերի նախարարության, որը մինչ իմ փոխնախարար նշանակվելն աշխատել է վարչությունում։ Ինչ վերաբերում է հնարավոր ապօրինություններին, ապա սեպտեմբերի 14-ին, երբ տեղեկացել եմ հնարավոր ապօրինությունների մասին, ինքս հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն»,- լրագրողներին բացատրել է Կոստանյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումները։
Նա հավելել է, որ նախարարության աշխատակիցն աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 28-ին։ Կոստանյանը վստահություն է հայտնել, որ հանցագործության մասին Գլխավոր դատախազություն հայտնելուց հետո հանրությունը կտեղեկանա գործի վերաբերյալ իրականությանը։
Նոյեմբերի 7-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրենց խմբագրություն է դիմել երկու քաղաքացի և հայտնել, որ ցանկացել են երկու ընտանիքով՝ 8 անձով, մեկնել ԱՄՆ: Նրանք դիմել են «Ավա թրեվլ» տուրիստական ընկերությանը՝ Նունե Սոֆյանին, որը վստահեցրել է, որ իրենք կստանան վիզա: Ըստ քաղաքացիների՝ բացի բոլոր անհրաժեշտ վճարումները կատարելուց, նրանք վիզայի համար ԱԳՆ-ում աշխատող վարորդ Երջանիկ Ումրշատյանին ևս 7000 դոլար են վճարել, սակայն վիզա ստանալ նրանց չի հաջողվել։