ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու արգելքը երկարաձգելու նախագծին։
Արտահանման արգելքի սահմանված 6 ամսյա ժամկետը լրանում է 2025-ի հունվարի 1-ին, սահմանափակման նոր ժամկետը կգործի 2025 թվականի հունվարի 31-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը։
Ըստ Էկոնոմիկայի նախարարության հիմնավորման՝ Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկությունները մետաղական հումքով ապահովելու համար խիստ արդիական է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արդյունավետ օգտագործման խնդիրը։
«Հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղներից արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։ Այս տեսանկյունից կարևոր է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից պատրաստի արտադրանք ստանալու համար»,- ասված է հիմնավորման մեջ։