Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական գերիներից ոմանք իրենց ընտանիքներին խնդրել են կապ հաստատելու փորձեր այլևս չանել և հորդորել են մոռանալ իրենց գոյության մասին, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը նաև հայտնել է, որ բացի Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանից, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ևս ունի միջազգային փաստաբան, որն ամերիկահայ Ջաք Հակոբ Բուռնազյանն է։
2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։