Արմեն Մազմանյանի անվան «Գոյ» ազգային փորձարարական արվեստի թատրոնի անձնակազմը նոյեմբերի 7-ից նստացույց է սկսել թատրոնի դիմաց՝ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունից պահանջելով մինչև դատարանի որոշումը թատրոնի աշխատանքի վերսկսման համար հրատապ միջանկյալ լուծում ընդունել, հայտնել են թատրոնից։
Թատրոնից տեղեկացրել են, որ նոյեմբերի 7-ի գիշերը ոստիկաններն իրենց չեն թույլատրել վրաններ տեղադրել։ Նրանք նշել են, որ ոստիկանների հետ ընդհանուր հայտարարի են եկել և հանել են վրանները, սակայն նստացույցը շարունակում են։
«Վաղուց առաջարկել ենք սպասել դատարանի որոշմանը, բայց ԿԳՄՍՆ-ն ու Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը չեն սպասում դատարանի որոշմանը։ Մենք պահանջում ենք միջանկյալ լուծում՝ մինչև դատարանը և մյուս պատկան մարմինները հարցին վերջնական լուծում տան»,- հայտարարել են թատրոնից։
Հոկտեմբերի 29-ին թատրոնի անձնակազմն ակցիա էր իրականացրել՝ դատարանից պահանջելով արագ քննել այն բողոքները, որոնք թույլ կտան թատրոնին վերսկսել աշխատանքը։ Դերասանները դեմ են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին «Գոյը» միացնելու մշակույթի նախարարության որոշմանը։
Անձնակազմը 2024-ի հունվարին անվստահություն էր հայտնել «Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սիմոնյանին, իսկ ավելի վաղ դիմել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել կառավարության՝ թատրոնը լուծարելու և Սունդուկյանի անվան թատրոնին միավորելու որոշումը։
2024-ի ապրիլին դերասաններն ակցիա էին իրականացրել ու հայտարարել էին, որ այս տարվա մարտի 24-ից չեն կարողացել օգտագործել իրենց հին անցագրերը շենք մտնելու և աշխատանքը շարունակելու համար։