Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) խորհրդի փոխնախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Վալդայի ֆորումի շրջանակում հայտարարել է, որ Հայաստանը հաստատակամ է Ռուսաստանի հետ համագործակցելու հարցում, և ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության հարցը ժամանակի ընթացքում ավելի պարզ կդառնա։
«Կարծում եմ՝ Հայաստանը հավատարիմ է Ռուսաստանի հետ համագործակցությանը։ [Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությանը], կսպասենք և կտեսնենք»,- նրա խոսքերն է մեջբերում Life.ru-ն։
Հայաստանի կառավարության նախկին ղեկավարը հավելել է, որ այժմ հայ հասարակության մեջ տարբեր դիրքորոշումներ կան։ Արցախյան պատերազմից հետո Հայաստանում տեկտոնական փոփոխություններ են տեղի ունեցել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, կարծում է նա։ Սարգսյանի կարծիքով՝ հայ ժողովրդին ժամանակ է պետք՝ ռազմավարական նոր որոշումներ կայացնելու համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին այն բանից հետո, երբ պարզ էր դարձել, որ ՀԱՊԿ-ն «սպառնալիք է ներկայացնում ՀՀ անվտանգությանը, գոյությանը և ինքնիշխանությունն ու պետականությունը»։ Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը հայտարարել էր, որ առևտրաշրջանառության կրճատման կամ Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ տնտեսական կապերի խզման պլաններ չկան։
Հունիսի 13-ին Փաշինյանը խորհրդարանում 2023 թվականի բյուջեի կատարման քննարկմանն հայտարարել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալը։ Սեպտեմբերի 20-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի ղեկավարությանը մեղադրել էր Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը նվազեցնելու մեջ։