Աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց կարողությունը ռեկորդային աճ է գրանցել ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, հայտնում է CNN-ը։
Ըստ կայքի՝ միլիարդատերերի կարողությունն ավելացել է 63,5 միլիարդ դոլարով: Եկամտի աճի առումով առաջինը գործարար Իլոն Մասկն է, որի կարողությունն աճել է 26,5 միլիարդ դոլարով՝ հասնելով 290,3 միլիարդ դոլարի։ Նրան հաջորդում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունն աճել է 7,1 միլիարդ դոլարով՝ հասնելով 228,3 միլիարդ դոլարի։ 5,5 միլիարդ դոլարով աճել է ամերիկյան Oracle տեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Լարի Էլիսոնի եկամուտը. նրա կարողությունը հասել է 193,5 միլիարդ դոլարի։
Կարողությունների ռեկորդային աճ գրանցած գործարարների թվում են նաև Microsoft-ի հիմնադիրներ Բիլ Գեյթսը և Սթիվ Բալմերը, Google-ի ղեկավարներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը և Berkshire Hathaway-ի գործադիր տնօրեն Ուորեն Բաֆեթը: Աշխարհի ամենահարուստ մարդկանց շահույթի մեծ մասը պայմանավորված է ԱՄՆ բաժնետոմսերի աճով, նշում է կայքը։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել 60-րդ համընդհանուր ընտրությունները։ Ըստ Fox News-ի` Թրամփը նախնական արդյունքներով ստացել է 270 ընտրական ձայն՝ դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահ։
Նոյեմբերի 6-ին Բայդենը շնորհավորել էր Թրամփին և նրան հրավիրել Սպիտակ տուն՝ քննարկելու պաշտոնի փոխանցումը: Թրամփին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և քաղաքական այլ գործիչներ։