Իրավապահ համակարգի գործունեությունից թե՛ հանրության շրջանում, թե՛ իրավապահ համակարգում անբավարարվածության ինչ-որ զգացողություն կա, ինչը կապված է շատ կոնկրետ իրողությունների հետ, Հակակոռուպցիոն կոմիտեում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ըստ հանրության տրամադրությունների՝ մեծ ծավալի ապօրինություններ են տեղի ունենում։
Վարչապետն ընդգծել է, որ դատաիրավական համակարգի մաքսիմալ արդյունավետ աշխատանքի համար կառավարությունից և անձամբ իրենից ակնկալվող ամեն բան արվել է:
«Այս փուլում գոնե ինձ համար արձանագրում եմ, որ չկա այդպիսի բան, որ դատաիրավական համակարգը կառավարությունից ակնկալել է և կառավարությունն ասել է, որ այդ ակնկալիքը չի բավարարի։ Մյուս կողմից՝ բոլոր ներդրումներն անելուց հետո պետք է որոշակի նախնական արդյունքներ տեսնենք մի միջավայրում, երբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում արդարություն և արդարադատություն հաստատելու, կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիան արմատախիլ անելու մասով քաղաքական կամքի բացակայություն ընդհանրապես չկա։ Ընդհակառակը՝ կա քաղաքական կամք, որ դա Հայաստանում պետք է տեղի ունենա, բայց դա ակնհայտորեն տեղի չի ունենում»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ իր զգացողությամբ հանրության տրամադրությունն այնպիսին է, որ Հայաստանում այսօր մեծ ծավալի կոռուպցիա, անարդարություններ, ապօրինություններ կան, որը, ըստ նրա, քաղաքական խնդիր է: Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը նշել է, որ «ոչ մեկ չի կասկածում դատական և դատաիրավական համակարգի անկախ լինելու վրա»։
«Կառավարությունն ապահովել է բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանում լինի անկախ դատաիրավական համակարգ: Այսօր բացառված է, չի կարող լինել մի եզակի դեպք, որ որևէ մեկն ասի, թե կառավարության քաղաքական դժկամության կամ քաղաքական հակազդեցության պատճառով որևէ գործ առաջ չի գնում, որովհետև կառավարությունը թույլ չի տալիս կամ խոչընդոտ է հանդիսանում: Երաշխավորում եմ, որ իմ վարչապետ ընտրվելու օրվանից այդպիսի որևէ եզակի դեպք չի արձանագրվել ու չի արձանագրվելու»,- ընդգծել է նա։