Կապան քաղաքում գործող ՍՊԸ տնօրենին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու վարույթով կալանավորվել է երկու քաղաքացի, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ հոկտեմբերի 30-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գտնվող սննդի կետում Կապանի 63-ամյա բնակիչ, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի և նույն քաղաքի 31-ամյա բնակչի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որին խառնվել են 31 և 29-ամյա քաղաքացիներ։
Գերատեսչության տվյալներով՝ վիճաբանության ընթացքում Կապանի բնակիչները ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել ընկերության տնօրենի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին։ Նրանք ծեծի են ենթարկել նաև ընկերության տնօրենի վարորդին։
63-ամյա բնակիչը «գլխուղեղի աջ կիսագնդի սուբդորալ հեմատոմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Կապան քաղաքի 31-ամյա երկու բնակիչներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 10 տարի ժամկետով) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում 5 տարի ժամկետով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Կապան քաղաքի 29-ամյա բնակչին ձերբակալելու որոշում է կայացվել։