ՀՀ ներքին գործերի նախարարությունը սառեցրել է հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու վերաբերյալ նախագիծը և ձեռնպահ է մնալու այն ԱԺ երկրորդ ընթերցմանը ներկայացնելուց, հայտարարել են ՆԳՆ-ում։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ ԱԺ-ն հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունել էր օրենսդրական նախագծերի փաթեթ, որով տնտեսավարող սուբյեկտները պարտավորվելու էին շինության մուտքը և բոլոր կողմերն ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ։
ՆԳՆ-ում ընդգծել են, որ նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով մարդու հիմնարար իրավունքների վերաբերյալ հանրության մոտ առկա մտահոգությունները։ Միևնույն ժամանակ նշել են, որ հանրային վայրերում տեսահսկման իրականացումը և տվյալների ձեռք բերումը մարդու մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությանն անհամաչափ միջամտություն չեն դիտարկում։
«Նախագծերի քննարկումները ցույց են տալիս, որ թեև իրավական հարթությունում երաշխիքներն ամրագրված են, հետապնդվող նպատակն իրավաչափ է, սակայն հանրության տարբեր խմբերի ընկալումներում որոշ մտահոգություններ դեռևս փարատված չեն։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՆԳՆ-ն նպատակահարմար է համարում առանց հանրային լայն կոնսենսուսի ձեռնպահ մնալ նախագծերը երկրորդ ընթերցման ներկայացնելուց։ Մեր կողմից ներկայացված նախագիծը չունի որևէ ենթատեքստ, այն բխում է բացառապես հանրային շահից, սակայն եթե հանրությունը չունի լայն կոնսենսուս հենց իր անվտանգությանը միտված այս նախաձեռնության շուրջ, ապա ՆԳՆ-ն նման պայմաններում սառեցնում է նախագծի հետագա ընթացքը՝ շահագրգիռ մարմիններին կրկին քննարկման սեղան հրավիրելու մեծ պատրաստակամությամբ»,- ասված է ՆԳն հայտարարության մեջ։
ՆԳՆ-ից միաժամանակ տեղեկացրել են, որ քննարկում են առաջարկվող փոփոխությունը լուծել առանձին նախաձեռնությամբ՝ փուլային տարբերակով։
«Առաջին փուլում նախատեսվում է քննարկման առարկա դարձնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՆԳՆ-ին հասանելիություն տրամադրելու մոտեցումը։ Այս տեսանկյունից կարող է արդյունավետ լինել ՆԳՆ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի արդիականացման ծրագրի համատեքստում, որի իրագործմանն ուղղված քայլերն ընթացքի մեջ են։ Արդյունքում՝ նշված ծրագրի իրականացումը թույլ կտա հանրային անվտանգության առաջնահերթ խնդիրները լուծել ՆԳՆ տեսահսկման համակարգերով, որոնց ծածկույթն արդիականացման ծրագրի իրագործման շնորհիվ կընդլայնվի»,- եզրափակել են ՆԳՆ-ում։
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հոկտեմբերի 31-ին հայտարարել էր, որ տեսահսկման համակարգերի պարտադիր տեղադրման մասին նախագիծը կխախտի քաղաքացիների անձնական կյանքի և հավաքներ անցկացնելու իրավունքը։ Կազմակերպությունը նշել էր, որ մինչև մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան փոփոխություններ կատարելը ՀՀ իշխանությունները պետք է հրաժարվեն օրինագծից կամ գոնե դադարեցնեն դրա քննարկումը։