Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ, որի 100% բաժնետեր է իր մորեղբայրը՝ Գրիգոր Մանուկյանը, հայտնում է «Հետքը»։
Կայքը գրում է, որ 2018-2024թթ. «Նոյավան»-ի հետ կնքվել է 15 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 506 մլն 134 հազար դրամ։ Ընկերությունը շինանյութ, կահույք, կենտրոնացված ջեռուցման համակարգեր է մատակարարել Երևանի քաղաքապետարանին, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, Պաշտպանության նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Պետական պահպանության ծառայությանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։
Նշվում է, որ 2023 թվականի օգոստոսի 30-ին Վեդու համայնքապետարանը 280 մլն դրամի պայմանագիր է կնքել «Նոյավան»-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր կառուցել Վեդի համայնքի Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերի խմելու ջրագծերը։
Բացի այդ, համայնքապետարանի հետ ընկերությունը մի պայմանագիր էլ կնքել է 2022 թվականին, ըստ որի 109 մլն դրամով պետք է գազաֆիկացման աշխատանքներ իրականացներ Վեդիի փողոցներում։
«Հետքը»-ի այն հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ գազաֆիկացման աշխատանքները կատարել է մի ընկերություն, որն զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով և փորձ չունի այդ ոլորտում, Վեդու համայնքապետարանից մեկնաբանել են, որ գնումն իրականացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի և կառավարության համապատասխան որոշման համաձայն։
«Նոյավան»-ի սեփականատերն էլ նշել է, որ իրենք միայն շինանյութերի վաճառքով չէ, որ զբաղվում են, նախկինում իրականացրել են նմանատիպ աշխատանքներ և հավելել է, որ շահերի բախում չի տեսնում։
Սարգսյանը Վեդու համայնքապետ էր ընտրվել 2022թ․ մարտին։ 2022թ․ հունվարին նա ազատվել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվել Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 2018-2020 թվականներին զբաղեցրել էր Արարատի մարզպետի պաշտոնը։