ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն կողմ է քվեարկել Ռուսաստանի ներկայացրած նեոնացիզմի դեմ պայքարի մասին բանաձևին, որի համահեղինակ է նաև Հայաստանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախագծի համահեղինակների թվում են նաև Ալժիրը, Ադրբեջանը, Բոլիվիան, Բուրկինա Ֆասոն, Վենեսուելան, Ղազախստանը, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Կուբան, Ղրղզստանը, Լաոսը, Մալին, Նիկարագուան, Պակիստանը, Կորեան, Սերբիան, Սիրիան, Սուդանը, Տաջիկստանը, Տոգոն, Ուգանդան, Ուզբեկստանը, Եթովպիան և այլ երկրներ:
«Բանաձևի հիմնական գաղափարի հիմքում պայքարն է նացիզմի հերոսացման, նեոնացիզմի և այլ գործելակերպերի դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը»,- ասված է հրապարակման մեջ։
Փաստաթղթին աջակցել է 116 երկիր, դեմ է արտահայտվել 54 պետություն, որոնց թվում են Ավստրալիան, Ավստրիան, Բուլղարիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Վրաստանը, Իտալիան, Կանադան, Լիտվան, Լեհաստանը, ԱՄՆ-ն, Ուկրաինան, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Չեխիան, Էստոնիան, Ճապոնիան։