Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) դեմ Վրաստանում ակցիա իրականացրած շվեդ բնապահպանական-ակտիվիստ Գրետա Թունբերգը կժամանի Հայաստան, հայտնել է Ambebi-ն՝ վկայակոչելով Tbilisi Pride-ի ակտիվիստ և ղեկավար Թամար Ջակելիին:
«Թունբերգը բոյկոտում է COP29-ը և չի մեկնի Ադրբեջան։ Այսօր Թբիլիսիում օգնում է ադրբեջանցի ակտիվիստներին փոքրիկ բողոքի ակցիա կազմակերպել, իսկ հետո կմեկնի Հայաստան՝ տեղի ակտիվիստների հետ ակցիաներ պլանավորելու համար»,- նշել է Ջակելին:
Նրա խոսքով՝ Թունբերգն այժմ Վրաստանում է կլիմայական օրակարգով և նպատակ ունի իր աջակցությունը հայտնել այն մարդկանց, ովքեր դիմակայում են բռնաճնշումներին:
«Նրան հետաքրքրում են Վրաստանն ու մեր տարածաշրջանը։ Այժմ, երբ մեր հարևան Ադրբեջանը հյուրընկալում է աշխարհի կարևորագույն կլիմայական համաժողովներից մեկը, Թունբերգը որոշել է միավորվել հայ, վրացի և ադրբեջանցի ակտիվիստների հետ, որպեսզի աշխարհի ուշադրությունը հրավիրի Ադրբեջանում COP29-ի անցկացման խնդրահարույց լինելու վրա»,- հավելել է Ջակելին:
Նոյեմբերի 12-ին Թունբերգը Թբիլիսիում բողոքի ակցիա էր իրականացրել՝ ընդդեմ Բաքվում անցկացվող COP29-ի։
Թունբերգը բողոքի ակցիա իրականացնելու մտադրության մասին հայտարարել էր նոյեմբերի 11-ին։ The Guardian-ի հոդվածում նա երկրներին կոչ էր արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի դեմ և հորդորել դիվանագիտական ջանքերով հասնել հայ պատանդների ու բոլոր գերիների ազատմանն ադրբեջանական բանտերից։
COP29 Բաքվում մեկնարկել է նոյեմբերի 11-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 22-ը։