Արդարադատության միջազգային դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվեցիայի շրջանակում ներկայացված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
Դատարանը վճռել է, որ Հայաստանը բանակցել է բարեխղճորեն, բանակցվող հարցերի նկատմամբ կիրառելի էր կոնվենցիան և Հայաստանի կողմից գանգատ ներկայացնելու դրությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, բանակցությունները ձախողված էին:
Դատարանը նաև ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի նախնական առարկությունները, որոնք վերաբերում էին դատարանի առարկայան իրավազորությանը (ratione materiae): Մասնավորապես, դատարանն արձանագրել է, որ Հայաստանի պահանջները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի սպանություններին, խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաև ազատազկումներին և բռնի անհետացումներին, բխում են կոնվենցիայից:
Գրասենյակը նաև հայտնել է, որ դատարանը մերժել է Ադրբեջանի պահանջներն ընդդեմ Հայաստանի, որոնք վերաբերում են 1996 թվականի սեպտեմբերի 15-ից առաջ տեղի ունեցած ենթադրյալ խախտումներին, ինչպես նաև ենթադրյալ բնապահպանական վնասներին։
Գրասենյակը նշել է, որ դատարանը նաև անդրադարձել է Հայաստանի առարկությանը, որը վերաբերում էր Ադրբեջանի ներկայացրած՝ ականապատումների և պայթուցիկների վերաբերյալ պնդումներին։ Դատարանը որոշել է, որ այս պահանջները բխում են կոնվենցիայից և դատարանը դրանց կանդրադառնա գործի ըստ էության քննության ընթացքում։
2023թ․ նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանի բնակիչների անվտանգ վերադարձը։ Դատարանը Բաքվի նկատմամբ միջանկյալ միջոցներ էր կիրառել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով։