Դատարանը վերացրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ տնային կալանք խափանման միջոցը, հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Նա Armenia Today-ին մանրամասնել է, որ դատարանը տնային կալանքը փոխարինել է նոր խափանման միջոցով՝ բացակայելու արգելքով և 5 մլն դրամ գրավով։
«2 մլն դրամ մինչ այս վճարված էր, ևս 3 մլն դրամ, այսինքն՝ հանրագումարայինով 5 մլն դրամ գրավ է սահմանվել»,- ասել է փաստաբանը։
Նա դատարանի «որոշումը» հուսադրող է որակել։ «Հուսադրող է, դատարանը որոշում կայացրեց, որպեսզի խափանման միջոց տնային կալանքը վերացվի, որը մեծ ձեռքբերում է Գերասիմի պարագայում։ Դրական եմ արձանագրում»,- ասել է փաստաբանը։
Հարությունյանը Վարդանյանի նկատմամբ հարուցված գործերն անվանել է «շինծու, հերթական քաղաքական հետապնդում»։
Հոկտեմբերի 17-ին փաստաբան Սոսե Չանդոյանը հայտնել էր, որ Վարդանյանին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցի հետ կապված ՀՀ ԱԺ պատգամավորները դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան:
Նա մասնամասնել էր, որ Սահմանադրական դատարանը խուսանավել էր հստակ դիրքորոշում հայտնել և դիմել էր Վենետիկի հանձնաժողով՝ նշված հարցի շուրջ խորհրդատվական կարծիք ստանալու համար:
Հարությունյանը վստահություն է հայտնել, որ եթե Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հիման հոդվածը չապաքրեականացվի Սահմանադրական դատարանի կողմից, միևնույնն է, հաջողվելու է երկար դատաքննությունից հետո հասնել նրան, որ Վարդանյանն արդարացվի։
Հունիսի 15-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում՝ Վարդանյանը և 2 կին։
Հունիսի 15-ին Քննչական կոմիտեն քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով 6 քրեական գործ էր հարուցել։ Ըստ գործերի՝ Վարդանյանը քաղաքացիներին հարկադրել էր մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքներին (ՔՕ 236-րդ հոդվածի 2-րդ մաս, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով):
Հունիսի 16-ին դատարանը բավարարել էր Վարդանյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Օգոստոսի 14-ին դատարանը 1 ամսով երկարաձգել էր նրա կալանքը։ Սեպտեմբերի 12-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր Վարդանյանին 1 ամսով կալանքի տակ պահելու դեմ փաստաբանական կողմի բողոքը։
Հոկտեմբերի 11-ին դատարանը կալանքից ազատել էր Վարդանյանին՝ խափանման միջոցը փոխարինելով տնային կալանքով։